Welcome!

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի  ապրիլի 11-ի որոշմամբ  ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Երեկ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում  (ԵՊԿ) տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ընթացքում ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին հանձնեցին  ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը: Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը Բոլոնյան գործընթացի պահանջներից է: Ինչպես նշեց Հայաստանում գործող երաժշտական միակ բուհի ռեկտոր պրոֆեսոր Շահեն Շահինյանը, այս հավատարմագրմամբ կոնսերվատորիան ինտեգրվում է եվրոպական չափանիշներին:

Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշեց, որ հավատարմագրում ստանալը բուհի համար  որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն հայտնեց, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերացումների վերացման ծրագրի  իրագործման արդյունքում,  հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով  ու հաղթահարված մարտահրավերներով: