Ձայնադարանի կյանքը սկսվեց անցյալ դարի 50-ականներին, ձայնագրման կաբինտեի հիմնադիր – ղեկավարի Կարո Քաջունու գործունեությամբ: Նրանից հետո այս բաժանմունքը գլխավորել է ներկայումս Երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը: 1982-ից մինչ օրս ձայնադարանը ղեկավարում է երաժշտագետ, խմբավարական ամբիոնի դոցենտ Վարվառա Հովհաննիսյանը:

Ձայնադարանի ֆոնդում կուտակվել է համաշխարհային կոմպոզիտորական ու կատարողական արվեստի բացառիկ հավաքածու: Այն ընդգրկում է ձայնագրություններ և տեսագրություններ, ձայներիզների, վինիլային սկավառակների, CD-ների և DVD-ների ֆորմատով:

60-ից ավելի տարիների ընթացքում և հատկապես, վերջին 30-ամյա շրջանում հնարավոր է դարձել  ձայնապնակների քանակը հասցնել մոտ 6000-ի, ձայներիզներինը` մոտ 2000-ի, տեսասկավառակները` 150-ի:

2002 թվականից շվեյցարաբնակ դաշնակահար Եվա Հարությունյանի նախաձեռնությամբ ձայնադարանում գործում է թվային տեխնիկա:

Ձայնադարանը 2013 թվականից կենտրոնական հեռարձակումից անցավ անհատական-լսարանային սկզբունքին, որը լեկցիոն կուրսը վարող դասախոսին հնարավորություն է տալիս տվյալ պահին անհրաժեշտ երաժշտությունը լսել պորտատիվ ձայնարկիչի կամ տվյալ լսարանի ստացիոնար թվային տեխնիկայի միջոցով: