Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Կոմիտասի անվ. ԵՊԿ պատմության թանգարանը բացվել է 1976 թ., (հիմնադիր-վարիչ` Զ. Տեր-Ղազարյան, գործող վարիչ` Ն. Մարգարյան):
Թանգարանի ամենօրյա և գիտահետազոտական աշխատանքի հիմքն են կազմում Հայաստանի 1-ին երաժշտական բուհի տարեգրության մեջ տեղ գտած բազմաթիվ ականավոր երաժիշտների կյանքն ու գործունեությունն արտացոլող հազվագյուտ ցուցադրանմուշների (էքսպոնատ) երկարամյա քրտնաջան հավաքումը և 2013 թ-ի տվյալներով,1500-ից ավելի միավորների հաշվառմամբ ֆոնդերի պահպանումը:
ԵՊԿ պատմության թանգարանը, որոշ առումով, նոր սերնդին երաժշտական գործունեության հասարակական-պատմական փորձի փոխանցման գործընթաց է, այն ընդգրկում է երաժշտական կրթական տարրեր, որոնք ներգրավվում են բուհի ուսանողների երաժշտական դաստիարակության մեջ, նրանց ծանոթությանը արվեստի և երաժշտության ոլորտում պատմական արժեք ներկայացնող երևույթներին:
ԵՊԿ թանգարանն իր բովանդակությամբ և բնույթով ներկայացնում է երաժշտական պահոցի խառը տեսակ, որի խնդիրն է կոմպոզիտորների ստեղծագործության, կատարողների, երաժիշտ-գիտնականների, ժողովրդական երաժշտական արվեստի, երաժշտական կրթության հետազոտումն ու տարածումը: Այստեղ հավաքվում, պահպանվում և ուսումնասիրվում են երաժիշտների, հայկական, ռուսական և արտասահմանյան երաժշտական մշակույթների ականավոր գործիչների արխիվային նյութերը: Հայտնի կոմպոզիտորների, երաժշտագետների նոտային ինքնագրերը, հուշերը, նամակագրություները (XX-XXI դդ. բնագրերը և գրքային հրատարակումները), մի շարք ձայներիզները, ձայնասկավառակները, տեսագրությունները, պատկերավոր նյութերը, համերգների ազդագրերը և ծրագրերը, լուսանկարները, պատվոգրերը, դիպլոմները, ալբոմները, բուկլետները, հեռագրերը, գիպսե և մարմարե արձանիկները, սկահակները, մեդալները և շատ ուրիշ հուշառարկաներ Կոմիտասի անվ. ԵՊԿ պատմության վկայությունն են:
Թանգարանի ցուցադրանմուշներից շատերը եզակի են: Ուրույն տեղ ունեն ռուս անվանի կոմպոզիտորների, մանկավարժների (Ա. Գլազունով, Մ. Գնեսին), խորհրդային (Ա. Խաչատրյան, Գ. Եղիազարյան, Է. Միրզոյան, Ա. Տերտերյան, Գ.Հովունց, Ա.Մանուկյան, Ս. Աղաջանյան, Է. Հովհաննիսյան), հայկական կոմպոզիտորական դպրոցի միջին (Տ. Մանսուրյան, Ե. Երկանյան,Լ. Չաուշյան, Ռ. Սարգսյան, Ա. Սաթյան, Վ. Մանուկյան, Ն. Զարիֆյան, Շ. Իսկանդարյան) և կրտսեր (Ա. Ավանեսով, Ա. Իրադյան, Կ. Անանյան) սերունդների ներկայացուցիչների բնագրերի արժեքավոր հավաքածուները:
Թանգարանի գիտատեղեկատվական գրադարանում հաշվառվում են նոտաների, գրքերի, ամսագրերի, թերթերի գրախոսականների, երաժշտաթատերական ներկայացումների, համերգների ազդագրերի և ծրագրերի 700-ից ավելի օրինակներ` ընդգրկված նաև կոնսերվատորիայի հիմնադրմանը նախորդող, ստուդիայի շրջանը:
Թանգարանի էքսպոզիցիան պայմանականորեն բաժանված է 2 մասի` երիզապատված հատուկ անկյունով, ի հիշատակ մեծն Կոմիտաս Վարդապետի և բուհի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի:
Էքսպոզիցիոն շարքերում ուշագրավ են կոնսերվատորիայի 3-րդ ռեկտորի` կոմպոզիտոր, դիրիժոր Ա. Տեր-Ղևոնդյանի անձնական արխիվից դուրս բերված (300-ից ավելի պահպանման միավոր) ֆոտոդիմանկարները: Այս նյութերի պատկերագրությունները ոչ միայն վկայում են նրա ընտանիքի, ընկերների, նախորդ 100-ամյակի սկզբի երաժշտական մշակույթի անվանի գործիչների հետ ստեղծագործական կապերի մասին, այլև մի շարք դրվագներով ներկայացնում են ԵՊԿ տվյալ ժամանակաշրջանի տարեգրությունը:
Թանգարանի ցուցադրանմուշներից աչքի է ընկնում ԵՊԿ հիմնադրման 60-ամյակին նվիրված ցուցադրափեղկը (ստենդ): Այստեղ ցուցադրված է նաև ծագումով հայ շվեցարացի դաշնակահար Ստեֆան Էլմասին նվիրված մենագրական պլակատը, որը փոխլրացնող ցուցապահարանները Գ. Եղիազարյանի և մի շարք ժամանակակից հայ կոմպոզիտորների անձնական իրերի, գրքերի պատմագրությունն են:
ԵՊԿ թանգարանի և այլ ամբիոնների, ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի մի շարք գրադարանների և թանգարանների ֆոնդերի երաժշտական ուղղվածությամբ գիտական մշակումների հիման վրա, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և հանրապետությունում ՌԴ Դեսպանության աջակցությամբ, Երևանում, 2008 թ., ԵՊԿ պատմության մեջ 1-ին անգամ լույս է ընծայվել «Երևանի պետական կոնսերվատորիա-85. լուսանկարներ, վավերագրություններ, մեկնաբանումներ…» պատկերազարդ գիրքը («ԵՊԿ հրատարակչություն, Եր., 2008):
Կոմիտասի անվ. ԵՊԿ թանգարանը երաժշտական-տեքստաբանական աշխատանքի հիման վրա իրականացնում է պատմական համերգներ և ակտիվ կերպով մասնակցում միջբուհական գիտաժողովների, սիմպոզիումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների:
Կոմիտասի անվ. ԵՊԿ թանգարանը երաժշտական ուղղվածությամբ  մեթոդաբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի բուհերին, թանգարաններին, գիտական հաստատություններին, վարում է նամակագրություն և նյութերի փոխանակում, իրականացնում հանրապետության, ինչպես նաև արտերկրի երաժշտական-ուսումնական հաստատությունների և մշակութային կենտրոնների հետ: