Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Երևանի կոնսերվատորիան եղել է Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող երկու կարևորագույն դարաշրջանների անբաժանելի ուղեկիցը:

Առաջինը, որի հաշվարկն սկսվում է 1920 թվականից` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեթվից,  ընթացավ ԽՍՀՄ կազմում եղբայրական խորհրդային հանրապետությունների հետ 70-ամյա համագործակցության դրոշի ներքո:

Երկրորդը, որը պատմականորեն կապված է 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզման և ԱՊՀ-ի կազմավորման հետ, ընթանում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային ինքնորոշման հռչակման դրոշի ներքո:

Չնայած այս ժամանակահատվածների պատմության գլոբալ վայրիվերումներին, կոնսերվատորիայի գործունեությանն մեջ նկատվում է զարգացման միասնական ուղին: Այն է` հայկական մասնագիտացված մշակույթի ջերմեռանդ կառուցումը:

Երևանի կոնսերվատորիան (սկզբնական շրջանում` ստուդիան) ծնունդ առավ 1921 թվականին բառացիորեն դատարկ հողի վրա, մոխիրներից հառնած Հայաստանում, որն իր պատմության ողբերգական իրադարձությունների հետևանքով մի քանի հարյուրամյակ անընդմեջ մեկուսացվել էր համաշխարհային մշակութային գործընթացից:

Հանրապետությունում մասնագետ երաժիշտների բացակայության պատճառով կոնսերվատորիայի գործունեությունն իրականացվում էր դրսից հրավիրված մասնագետների ուժերով:

Երկար սպասված պետականությունը ձեռք բերած Հայաստանում նորընծա կոնսերվատորիային վիճակված էր դառնալ երաժշտական պրոֆեսիոնալիզմի միակ օջախը և իր վրա վերցնել ամեն ինչի պատասխանատվությունը, առաջին հերթին` հեղաշրջում կատարել բավական խայտաբղետ իրականության գիտակցության մեջ` վճռականորեն ուղղորդվելով մշակութային զարգացման եվրոպական մոդելով: Դրա հետ մեկտեղ չէր բացառվում աշխարհագրական իմաստով այնքան մոտ /և իրականում շոշափելի/ Արևելքի ինքնատիպ մշակույթի ստեղծագործաբար յուրացնելու անհրաժեշտությունը: Հայաստանում այդ հզոր և դեռևս չուսումնասիրված շերտը սպասում էր գիտական և գործնական ուսումնասիրության իր ծանրակշիռ խոսքին:

Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայաստանի մշակույթի զարգացման համար բացառիկ բարեբեր եղավ եվրոպական ավանդույթն` իր բազմաձայնությամբ, գործիքների բազմազանությամբ, ժանրերի առատությամբ, թատերական և համերգային կյանքի կայունացած ձևերով, երաժշտակրթական համակարգով և այլն: Էլ չենք խոսում եվրոպական երկրների կոմպոզիտորական արվեստի հիրավի անսպառ հնարավորությունների մասին, որոնք այն ժամանակվա Հայաստանում բացարձակապես անհայտ էին:

Բազմադարյա մշակութային մեկուսացման ավերիչ հետևանքների վերացումն իրականացվեց աներևակայելի կարճ ժամանակահատվածում, սրընթաց և թռիչքաձև` անհագ կլանելով և յուրացնելով համաշխարհային մշակույթի նվաճումները:

Կոնսերվատորիայի դերն այդ գործընթացում շատ ավելի նշանակալի եղավ, քան կարող էին պատկերացնել նրա հիմնադիրներն իրենց ամենաբուռն ռոմանտիկական պատկերացումներում: Մանկավարժներն ու նրանց սաները (վերջիններս բառացիորեն ուսանողական նստարանից) շուտափույթ լծվեցին հանրապետության երաժշտական կյանքի նպատակասլաց զարգացման գործին:

Ստուդիայի ստեղծումից արդեն մեկ տարի անց Հայաստանն ուներ մշտական գործող ուսումնական երգչախումբ և դասախոսների լարային քառյակ, չորս տարի անց` ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ դասախոսների մասնակցությամբ, վեց տարի անց` օպերային դասարան, տասնմեկ տարի անց` օպերային թատրոն /բոլորը կոնսերվատորիայի հիմքի վրա/: Հայաստանի կատարողական խմբերի համալրման գործում առաջնային և գերակշռող դերը այսօր ևս հիմնականում պատկանում է կոնսերվատորիային:

Իր գործունեության առաջին իսկ փուլում կոնսերվատորիան գիտակցում  էր իրեն որպես հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում կուտակված ողջ հարստության ժառանգորդ: Ժողովրդական երգն ու գործիքային ստեղծագործությունը, գուսանների և աշուղների արվեստը, հոգևոր մասնագիտացված երաժշտությունըմ առաջին նշանակալի կոմպոզիտորների ստեղծագործությունները (սկսած Չուխաճյանից ու Կոմիտասից մինչև Սպենդիարյան, Արմեն Տիգրանյան և Ռոմանոս Մելիքյանը)` այս անգին հարստությունը, պատմական պատճառներից ելնելով, կոնսերվատորիայի հիմնադրման պահին տարանջատված ու սփռված էր աշխարհով մեկ: Այդ իսկ պատճառով էլ չէր ընկալվում որպես ազգային մշակույթի ամբողջական շերտ: Բռնի կերպով ընդհատվել էր Կոմիտասի լուսավորչական գործունեությունը:

Կոնսերվատորիայի փխրուն ուսերին ընկավ այդ հոգևոր արժեքները հայտնաբերելու և հայրենի հողի վրա կենտրոնացնելու, դրանք ուսումնասիրելու և կյանքի կոչելու, հայ ժողովրդի, իսկ հետո նաև հանրության սեփականությունը դարձնելու պատասխանատվությունը:

Այդ շնորհակալ գործն այսօր էլ իրականցնում են կոնսերվատորիան ու նրա հիմքի վրա ստեղծված կառույցները:

Անգնահատելի է կոնսերվատորիայի դերը հանրապետությունում ազգային երաժշտական պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման գործում` կատարողների, կոմպոզիտորների, երաժշտագետների, երաժշտական խմբերի ղեկավարների, մշակութային կյանքի կազմակերպիչների և ուրիշների:

Կոնսերվատորիայի շնորհիվ Հայաստանում ներմուծվեց մինչ այդ անծանոթ` եվրոպական երաժշտական գործիքների կատարողական արվեստը, օպերային, սիմֆոնիկ և կամերային-անսամբլային երաժշտության ժանրերը:

Կոնսերվատորիան խթանում էր հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի ստեղծմանը: Հանդես գալով որպես Հայաստանի  երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի կառուցող` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում էր` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր օպտիմալ ձևեր:

Սկսելով համեստ «ստուդիական» ժամանակահատվածից` Երևանի կոնսերվատորիան արդեն 1950-ականների սահմանագծին իր արժանի դիրքը գրավեց ԽՍՀՄ առաջատար բուհերի շարքում:

Հայաստանը երախտագիտությամբ է հիշում Մոսկվայի և Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) կոնսերվատորիաների բազմակողմանի օգնությունը և հպարտանում  է ԱՊՀ երկրների կոնսերվատորիաների հետ բարեկամական հարաբերություններով:

Այսօր, ընդլայնելով իր կապերը դեպի Արևմուտք և Արևելք, կոնսերվատորիան ընթանում է համաշխարհային երաժշտակրթական համագարգում ինտեգրվելու ուղիով: Հայաստանը, որի ներկայացուցիչները բազմիցս դարձել են միջազգային մրցույթների և համաշխարհային փառատոների առաջին և «Գրան-պրի» դափնեկիրներ, այսօր ձևավորում է իր սեփական մրցութային համակարգը:

Երևանի կոնսերվատորիան համաշխարհային հանրության առջև ներկայանում է որպես սեփական դեմք,սեփական ազգային ձեռագիր ունեցող հայկական ազգային երաժշտական բուհ, որը հայ երաժշտության և ընդհանուր առմամբ հայկական մշակույթի հետ կապված յուրահատուկ ստեղծագործական խնդիրներ է լուծում:

Կոնսերվատորիայի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված արտերկրի հայաբնակ կենտրոնների և ընդհանրապես հայկական սփյուռքի հետ կապերին:

Ներկայումս կոնսերվատորիայի և նրա հիմքի վրա աճեցված կատարողական և գիտահետազոտական կառույցների շուրջ ձևավորվել է յուրահատուկ «էներգետիկ դաշտ», որն ակտիվորեն ներգործում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ստեղծագործական յուրացման հետ կապված բոլոր բնագավառների վրա:

Այդ շղթայի օղակներից են ազգային երկացանկի լավագույն ստեղծագործությունների ընդգրկումը համերգային պրակտիակայում, ֆոլկլորագիտության և ժողովրդական նվագարանների ամբիոնների հաջող գործունեությունը, ազգային նյութի վրա հիմնված դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների ստեղծումը, ինչպես նաև հայ երաժշտության գեղագիտության, պատմության և տեսության համընդհանուր ուսումնասիրությունների, հայ երաժշտության դասականների երկերի ակադեմիական և այլ հիմնորոշ աշխատությունների հրատարակությունները:

Կոնսերվատորիան  իր կարևորագույն խնդիրն է համարում ուսանողների մեջ ազգային ավանդույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի, նրանց կողմից ազգային արմատների խորազնին յուրացման և, վերջին հաշվով, ազգային մշակույթի կրողի գիտակցության  դաստիարակությունը:

Ժամանակակից կոմպոզիտորական մտածողության և նորագույն տեխնիկական գրելաձևի մակարդակով ազգայինի վերաիմաստավորման բարդ դիալեկտիկական գործընթաց է իրականացնում Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնը, որի ստեղծագործական արդյունքը համաշխարհային ճանաչման է արժանացել:

Միջազգային մշակութային հանրության շրջանակներում ազգային ավանդույթների և համաշխարհային մշակութային փորձի ներդաշնակ միահյուսման և սինթեզի մեջ է տեսնում կոնսերվատորիան իր զարգացման հետագա ուղին:

Երևանի կոնսերվատորիայի նվաճումների գրավականը նրա տաղանդավոր անձնակազմի 90-ամյա աշխատանքն է, որն սկիզբ է առել 1921 թվականին երաժշտական ստուդիայի համեստ կարգավիճակում` իր կազմում ունենալով 6 հոգի (այսօր այդ թիվն աճել է ավելի քան 100 անգամ):

Բուհի անձնակազմը վստահորեն առաջնորդել են նրա ռեկտորները, որոնք, որպես օրենք, քաջատեղյակ են եղել նրա պատմությանը, կանխատեսել են ապագան` պատկերացնելով կոնսերվատորիայի վաղվա օրը:

Ակնհայտ է, որ այսօր կոնսերվատորիան անցել է իրեն կանխանշված մեծ ուղու միայն մի հատվածը:

Սակայն կարևոր է, որ այդ ուղին գիտակցված է, իմաստավորված և պարզորոշ նախանշված է հետագա աշխատանքի հեռանկարը: