Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (ԵՊԿ)  հիմնադրվել է 1921 թ., սկզբում որպես երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց այն դարձել է բարձրագույն երաժշտական կրթական հաստատություն:
 
Սա առաջին նման ուսումնական կրթօջախն էր Հայաստանում, որի ստեղծման անհրաժեշտությունը  վաղուց էր հասունացել: Առկա էին նաև բոլոր նախադրյալները:

Հայ ժողովուրդն ուներ բազմադարյա հարուստ ու բազմաժանր ժողովրդական, ժողովրդա-պրոֆեսիոնալ և հոգևոր արվեստ:
19-րդ դարի կեսերից ձևավորվեց նաև ազգային պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցը, որը ներկայացնում էին այնպիսի ականավոր հայ արվեստագետներ, ինչպիսիք էին Կոմիտասը, Տ. Չուխաջյանը, Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Ա.  Տիգրանյանը, Ալ. Սպենդիարյանը և ուրիշներ: Նրանց գործունեությունը հիմնականում ծավալվում էր Հայաստանի սահմաններից դուրս (Կոնստանդնուպոլսում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում): Սակայն հենց նրանց գործունեությունը նպաստեց առաջին հայկական ազգային օպերայի (Տ. Չուխաջյանի «Արշակ II» - 1868 թ.), օպերետի, պատարագի, սիմֆոնիկ  ստեղծագործությունների, դասական անսամբլների, ռոմանսների ստեղծմանը: Այդ ականավոր գործիչներից շատերը փափագում էին ստեղծել ազգային երաժշտանոց: Կոմիտասը մշակել էր նաև այդ համակարգի ուսումնական ծրագրերը: Բայց տարածաշրջանի անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով դրա իրականացումն անհնար էր:

20-րդ դարի սկզբին ձևավորվեց նաև հայկական պրոֆեսիոնալ կատարողական դպրոցը: Այն ներկայացնում էին ռուսական և եվրոպական կոնսերվատորիաների շրջանավարտներ` ջութակահար Հ. Նալբանդյանը (Պետերբուրգի կոնսերվատորիա և Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոց), երգչուհի Մ. Ակիմովան (Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներ), երաժշտագետ Մ. Աղայանը (Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներ), երգիչ Ա. Շահմուրադյանը (Փարիզի կոնսերվատորիա) և ուրիշներ:

Հայաստանի կոնսերվատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարը դարձավ բազմակողմանի զարգացած երաժիշտ` կոմպոզիտոր և խմբավար Ռոմանոս Մելիքյանը, որը սովորել էր Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներում: Նա կարողացավ առաջին իսկ օրերից ճիշտ կողմնորոշել մանկավարժական կոլեկտիվին բարձրորակ երաժիտներ պատրաստելու գործում: Դասախոսական այդ առաջին կազմը համալրված էր Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն կոնսերվատորիաներում կրթություն ստացած փայլուն պրոֆեսիոնալ երաժիշտներով: Նշենք նրանցից մի քանիսի անունները` դաշնակահարներ Ա. Մնացականյան, Ի. Մադաթյան, Ե. Խոսրովյան, Ե. Խանկալամյան, ջութակահարներ Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Գ. Միրզա-Ավագյան, նաև Ա. Կոտլյարևսկի և Ա. Ավագյան (ալտ, ջութակ և կամերային անսամբլ), Վ. Շպեռլինգ (փողային գործիքներ և նվագախումբ) և ուրիշներ: Իրենց մանկավարժական  աշխատանքում նրանք կիրառեցին ամենաառաջատար և ամենաժամանակակից դասավանդման մեթոդները:

ԵՊԿ-ի հաջորդ ռեկտորները` հայ երաժշտական մշակույթի ականավոր դեմքերը, շարունակեցին Ռոմանոս Մելիքյանի ավանդույթները: Նրանց շարքերում էին` դիրիժոր Կ. Սարաջևը,  երաժշնագետներ Ա. Ադամյանը, Ս. Գասպսրյանը, կոմպոզիտերներ Ս. Մելիքյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Դ. Սամվելյանը, Գ. Եղիազարյանը, Ղ. Սարյանը, Է. Հովհաննիսյանը, Տ. Մանսուրյանը, Ա. Սմբատյանը և դաշնակահար Ս. Սարաջյանը:

2011թ. ԵՊԿ-ի ռեկտոր ընտրվեց ջութակահար պրոֆեսոր Շահեն Հակոբի Շահինյանը:

Այսօր ԵՊԿ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է լավագույն երաժիշտներով` կոմպոզիտորներով, երաժշտագետներով, կատարողներով: Նրանցից շատերը միջաղգային ճանաչում  ունեցող արվեստագետներ են: Շուրջ 150 պրոֆեսորներ, (նրանցից  4-ն արվեստագիտության դոկտորներ են), դոցենտներ, դասախոսներ և ասիստենտներ, որոնցից շատերը տարբեր միջազգային մրցույթների դափնկիրներ են: Նման պատվավոր կոչման են արժանացել նաև կոնսերվատորիայի ուսանողներից շատերը:

ԵՊԿ-ն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի հարևանությամբ` Սայաթ-Նովա 1ա հասցեում: Կոնսերվատորիան ունի հարմարավետ լսարաններ, կաբինետներ, դասարաններ, (այդ թվում նաև երգեհոնային 2 մասնագիտացված և 12 երկու ռոյալներով դասարաններ), գրադարան և ընթերցասրահ, ձայնադարան և տեսադարան, ուսանողական խորհուրդի կաբինետ, երաժշտական գործիքների արհեստանոց, բուժկետ, բուֆետ և այլն:

Ուսանողական խորհուրդը ԵՊԿ-ի ուսանողական ինքնիշխան մարմինն է, որն ընդգրկում է կոնսերվատորիայի ողջ ուսանողությունը: Խորհուրդը պաշտպանում է ուսանողների շահերը, օգնում լուծել սոցիալական և կենցաղային խնդիրները, կազմակերպում նրանց ազատ ժամանցը:  Ուսխորհուրդը մասնակցում է նաև անապահով ուսանողներին ֆինանսական օգնություն տրամադրալու, ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչման հարցում, ներկայացնում ուսանողներին անվանական կրթաթոշակներ ստանալու համար և այլն: Ընտրովի հիմունքներով` ուսանողությունն իր ներկայացուցչությունն է ապահովում Կառավարման խորհրդում, Գիտխորհրդում և Ռեկտորատում:

ԵՊԿ-ն ունի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ, կամերային և ժողովրդական գործիքների նվագախմբեր, տարբեր երգչախմբեր, կամերային անսամբլներ և այլն:

ԵՊԿ-ի մասնաշենքերից մեկում գտնվում է Օպերային ստուդիան, որը կրում է Ղ. Սարյանի անունը: Այն ունի իր սիմֆոնիկ նվագախմբն ու երգչախմբը: 275 տեղանոց Մեծ դահլիճի բեմահարթակում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ բեմադրվում են օպերային ներկայացումներ:

Կոնսերվատորիան ունի նաև փոքր  համերգային դահլիճներ: Դրանք նախատեսված են ակադեմիական երեկոների, մենահամերգների, դասարանական, ֆակուլտետային և հոբելյանական համերգների, ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) տարեկան նիստերի, ուսանողների ժողովների, հանգստի երեկոների անցկացման համար:

Այս դահլիճներում պարբերաբար վարպետաց դասեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեծագույն երաժիշտները:

Ներկայումս ԵՊԿ-ի տարբեր բաժիններում սովորում է ավելի քան 1000 ուսանող: Նրանցից 120-ից ավելին օտարերկրացիներ են:

ԵՊԿ-ի արտասահմանյան ուսանողների բաժինը գործում է   1950-ականներից: Այստեղ սովորել և սովորում են նախկին Խորհրդային Միության և հարևան երկրների քաղաքացիներ (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքմենստան, Էստոնիա, Աբխազիա, Իրան), նաև ուսանողներ Չինաստանից, Ճապոնիայից, Վիետնամից, Մոնղոլիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Յեմենից, Ալժիրից, Եթովպիայից, Եգիպտոսից և Օմանից:

ԵՊԿ-ի հեղինակությունը խթանում է նաև եվրոպացի երիտասարդ երաժիշտներին, ովքեր Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից գալիս են սովորելու Հայաստան: ԵՊԿ-յում իրենց բարձրագույն երաժշտական կրթությունն են ստանում նաև Ամերիկյան մայրցամաքի տարբեր երկրների երիտասարդներ` ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Վենեսուելա, Արգենտինա, Կոլումբիա, Ուրուգվայ:

ԵՊԿ-ի արտերկրյա շատ շրջանավարտներ մեծ ներդրում ունեն իրենց երկրների ստեղծագործական, կատարողական, գիտական և մանկավարժական ոլորտներում: Մասնավորապես ասիացի և աֆրիկացի երաժիշտներից շատերը  դարձան իրենց երկրներուն առաջին ազգային օպերաների, սիմֆոնիկ ստեղծագործությունների, երաժշտա-տեսական դասագրքերի և տարբեր ձեռնարկների հեղինակներ:

Կոնսերվատորիայում սովորող օտարերկրյա ուսանողը երաժշտություն ուսումնասիրելու հետ մեկտեղ ճանաչում են Հայաստանը` աշխարհի հնագույն երկրներից մեկը, հայ ժողովրդի բազմադարյան մշակույթը, ծանոթանում մայրաքաղաք Երևանին, որը հիմնադրվել է Ք.Ա 782 թ., և հավերժական քաղաք Հռոմից 29 տարով մեծ է, ուսումնասիրում նաև հայոց լեզուն, սովորում 1600 տարվա պատմություն ունեցող այբուբենը:
Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիան այդ հնագույն երկրի հոգևոր և մշակույթի կարևորագույն օջախներից է: Երկիր, որը Ռոմեն Ռոլանը ժամանակին համեմատել է Իտալիայի հետ, իսկ ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթն ասել է. «Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել ավելի շատ հրաշքներ, ես կպատասխանեի` Հայաստանում»:

Բարի գալուստ Երևան:

Բարի գալուստ մոտ մեկ դարյա պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: