Ս/թ․ փետրվարի 18-22-ը Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանում անցկացվեց «Ֆինանսական միջոցների հայթայթմանն ուղղված կարողությունների զարգացում» թեմայով մեկշաբաթյա վերապատրաստում: 
Վերապատրաստումն անցկացվեց Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում:

Վերապատրաստմանը մասնակցեցին ծրագրի հայաստանյան գործընկեր համալսարանների ներկայացուցիչները՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Շիրակի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև Ակադեմիական փոխճանաչման եվ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան դրամաշնորհային ծրագրերին դիմելու ընթացակարգին, հաջող ծրագրեր մշակելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալների հավաքագրման և ֆինանսական միջոցների հայթայթման գործընթացին: Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները իրականացրին ծրագրերի մշակում ըստ տրամադրված ձևի, որին հաջորդեց եվրոպացի գործընկերների գնահատականը մշակված ծրագրերի վերաբերյալ:

Տեղի ունեցավ նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումները, ֆինանսական ծախսերը և հետագա աշխատանքները: