Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ջերմ մթնոլորտում մեծ հաջողությամբ հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայացավ հայ-իտալական՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ուդինեի Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համատեղ համերգը, որպես բուհերի համագործակցության արդյունք:

 

Համերգի նախօրեին, չորս օրերի ընթացքում ԵՊԿ-ում երկու բուհերի ուսանողների  մասնակցությամբ իրականացվեցին կամերային նվագախմբի փորձեր, վարպետության դասեր և դասախոսություններ հայ և իտալացի պրոֆեսորների կողմից: Հյուրերի համար կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնի կողմից կազմակերպվեց համերգ՝ ներկայացնելու մեր ժողովրդական արվեստը: