Բրյուսելում սեպտեմբերի 15-18-ը կայացել է Բոլոնիայի համաձայնության շրջանակներում անցկացվող բուհական կրթութայն կազմակերպման միջազգային ֆորումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի մեջ ընգրկված է եղել Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը ևս մասնակցել է այդ ֆորումին:

Կոնսերվատորիայի ռեկտորը կարևորում է այդ ֆորումի անցկացումը, որը նվիրված էր Բոլոնյան համաձայնության շրջանակներում Եվրոպայի ներսում ուսանողների շարժունության խոչընդոտների վերացման խնդիրներին:

«Նկատենք, որ ընդլայնված շարժունությունն ապահովում է ուսանողների ուսման, հետագայում էլ նրանց կարիերայի ավելի մեծ հնարավորություններ եվրոպական աշխատաշուկայում: Այս ամենը հնարավորություն կտա խթանելու ավելի սերտ կապերի ձևավորումը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի և եվրոպական հետազոտական տարածքի միջև: Իսկ ասենք համադրելի որակավորումների համակարգի ներմուծումը կպարզեցնի որակավորումների համեմատումը ողջ Եվրոպայում: Դրանով ապահովվող ճկունությունը և թափանցիկությունը ուսանողներին իրենց որակավորումների ճանաչման համար ավելի լայն հնարավորություն կտա՝ նպաստելով շարժունության ազատությանը». Շահեն Շահինյան:

Նշենք, որ միջազգային ֆորումին մասնակցել են 7 երկրի կրթական գերատեսչությունների և կրթական հաստատությունների ղեկավարներ: